Ուչա Նանուաշվիլի

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան (օմբուդսմեն)

Ucha

1996 թվականին ավարտել է Թբիլիսիի քաղաքագիտության ինստիտուտը, 1999 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային իրավունքի եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, միջազգային իրավագիտություն մասնագիտությամբ, 2005 թվականին ավարտել է Թբիլիսիի քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտուրան:
2010-2012 թվականներին Ուչա Նանուաշվիլին եղել է Մարդու իրավունքների տան վարչության նախագահ, 2007-2012 թվականներին՝ Մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն, 2003-2004 թվականներին՝ Վրաստանի Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ակադեմիայի դասախոս, 2000-2002 թվականներին՝ Թբիլիսիի քաղաքագիտության ինստիտուտի դասախոս, 1996-2007 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել մարդու իրավունքների տեղեկատվական եւ փաստաթղթավորման կենտրոնում:

Հաղորդագրություն

2014 թ. հունիսի 8-ին «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում կայացավ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը Վրաստանի Ժողովրդական պաշտպան (Օմբուդսմեն) Ուչա Նանուաշվիլու հետ:

 Հանդիպումը նվիրված էր Վրաստանում մարդու իրավունքների վիճակի վերլուծմանը և ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների խախտմանը:

 Հանդիպումը կազմակերպվել էր «Քաղաքական մասնակցություն երկխոսության միջոցով» նախագծի շրջանակներում, որը աջակցում է «Բաց հասարակայնություն՝ Վրաստան» հիմնադրամը: Նախագծի կայք-էջը՝ www.ardzagank.ge:

Ժողովրդական պաշտպանն ամփոփեց ամենամյա խորհրդարանական հաշվետվությունը երկրում մարդու իրավունքների վիճակի մասին, որից հետո պատասխանեց լսարանի հարցերին: Նա ընդգծեց, որ պետության քաղաքական, մշակութային և հասարակական կյանքին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների լիարժեք մասնկացության ոլորտում առկա են լուրջ խնդիրներ: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցչությունը ցածր է ինչպես Խորհրդարանում, այնպես էլ գործադիր և տեղական իշխանությունների մարմիններում: Այս առումով, որևէ լուրջ քայլեր չեն ձեռնարկվել:

Ժողովրդական պաշտպանը դրականորեն գնահատեց Վրաստանի կառավարության որոշումը չորս կրոնական կազմակերպություններին (Հայ Առաքելական, Հռոմի կաթոլիկ, Հրեական և Մուսուլմանական թեմերին) խորհրդային ժամանակաշրջանում հասցված վնասի մասնակի փոխհատուցման մասին և ընդգծեց, որ հասարակության մեջ նկատվում են տարբեր կարծիքներ բյուջեից միջոցների հատկացման մոդելի վերաբերյալ: Ժողովրդական պաշտպանը նշեց նաև, որ տվյալ որոշումը կարող է բավարար չլինել, և կա երկխոսության անհրաժեշտություն, որպեսզի ոչ ոքի մոտ չլինի խտրականության ենթարկված լինելու զգացողություն: Անհրաժեշտ է անցկացնել տվյալ հարցերի բաց քննարկումներ, և փոքրամասնությունների ներկայացուցիչներն անմիջապես պետք է ներգրավված լինեն այդ գործընթացում:

Առանձնացված են պետական լեզվին վերաբերող հիմնախնդիրները: Անկախ որոշակի փորձերից, այս դեպքում նույնպես իրավիճակը ծանր է: Ազգային փորքամասնությունների ներկայացուցիչների ինտեգրման համար հարկ է ձեռնարկել գործուն քայլեր, հատկապես՝ ազգային փորքամասնություններով խիտ բնակեցված շրջաններում:

Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց դժգոհությունը հայտնեցին այն առումով, որ պետությունը Վիրահայոց թեմին չի վերադարձնում խորհրդային ժամանակաշրջանում առգրավված եկեղեցիները և այլ եկեղեցական գույքեր: Օմբուդսմենն ընդգծեց, որ տվյալ խնդիրը նշված է իր ամենամյա հաշվետվության մեջ:

Միաժամանակ, հայ համայնքի ներկայացուցիչները բարձրացրեցին մասնավոր ադրբեջանական ընկերությունների կողմից Վրաստանի՝ ծագումով հայ քաղաքացիներին խտրականության ենթարկելու և Ադրբեջանի իշխանությունների կողմից Վրաստանի ներքին գործերին միջամտելու հետ կապված հարցեր: Ժողովրդական պաշտպանը նշեց, որ նախքան «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» օրենքի ընդունումը, ինքը չուներ իրավունք՝ միջամտելու մասնավոր ընկերությունների գործունեությանը, սակայն նշյալ օրենքի ընդունումը իրավունք է ընձեռում իրեն՝ պայքարելու մասնավոր կազմակերպություններում տեղի ունեցող խտրականության դեմ:

Վրաստանի Թռիչքային անձնակազմի ասոցիացիայի նախագահ պ-ն Նուրբեկյանը նշեց, որ ազգային պատկանելության պատճառով զրկվել է իրեն հատկացված կենսաթոշակից և, որ իր անձնակազմի 7 անդամներից բոլորն ստանում են համապատասխան կենսաթոշակը, բացի իրենից:

Վիդեո

Լուսանկարներ

Banner Ardzagank Armenian