Ombudsman1

Օմբուդսմենը տեղեկացված է Վրաստանի հայ համայնքի իրավունքների խախտման մասին

2014 թվականի մայիսի 28-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանը միջազգային կազմակերպությունների, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներին ներկայացրեց մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավիճակի մասին 2013 թվականի խորհրդարանային զեկույցը:

Ժողովրդական պաշտպանը խոսեց 2013 թվականին մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից ի հայտ եկած միտումների և գերակայությունների մասին: Հակիրճ տեսաբանեց ընդարձակ խորհրդարանային զեկույցի թեմատիկան, ինչպես նաև իշխանության տարբեր ճյուղերի հասցեով մշակված հիմնական երաշխավորությունները:

Հանդիպմանը Վիրահայոց թեմի իրավաբանական բաժնի ղեկավար Լևոն Իսախանյանը ուշադրություն հրավիրեց փոքրամասնություններից խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված ունեցվածքի ռեստիտուցիայի ոլորտում առկա խտրականության վրա և նշեց, որ հայկական, կաթոլիկական և այլ փոքրամասնություններին պատկանող բազմաթիվ տաճարներ յուրացված են և կիրառվում են ուղղափառ եկեղեցու կողմից: Բանախոսը ուշադրություն հրավիրեց նաև Վրաստանի տարածքում հայկական տաճարների ոչնչացման, այդ թվում Թբիլիսիի կենտրոնում Մուղնեցոց Սուրբ Գևորգ 14-րդ դարի տաճարի և Սուրբ Նշան 18-րդ դարի տաճարի մասի փլուզման հիմնախնդրին:

Նա նշեց նաև Վրաստանում ազգային փոքրամասնություններին, որպես պոոտենցիալ անկայունության աղբյուրի, դիտարկելու հիմնախնդիրը:

Վերջում, Լևոն Իսախանյանը ուշադրությունը կենտրոնացրեց իշխանության կողմից Վրաստանի ներքին գործերին միջամտելու դեպքին, որի արդյունքում խախտվեցին Վրաստանի հայ համայնքի մշակութային իրավունքները: Մտահոգություն արտահայտեց այն կապակցությամբ, որ Վրաստանի իշխանությունը չդատապարտեց երրորդ երկրի կողմից Վրաստանի ներքին գործերին միջամտելու դեպքը:

Ի պատասխան, Վրաստանի օմբուդսմենը նշեց, որ վերոհիշյալ հիմնախնդիրների մի մասը արտացոլված է իր զեկույցում, իսկ Ադրբեջանի իշխանության կողմից Վրաստանի ներքին գործերին միջամտության կապակցությամբ նա պահանջեց լրացուցիչ տեղեկատվություն, որը մոտ ժամանակներս կներկայացվի ժողովրդական պաշտպանին:

 

Բաժանորդագրում

Banner Ardzagank Armenian