Geneve

Վրաստանում կրոնական փոքրամասնությունների խտրականության հարցը քննարկվում էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների Կոմիտեում

2014 թվականի հուլիսի 7-14-ը, Լևոն Իսախանյանը Վրաստանում Հռոմեա-Կաթոլիկ Եկեղեցու, Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմի, Վրաստանում Ավետարանական-Լյութերական Եկեղեցու և Վրաստանում Ավետարանական-Բապտիստական Եկեղեցու անունից Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների Կոմիտեի նիստերին: Կոմիտեում քննարկվում էր Վրաստանի զեկույցը՝ քաղաքացիական և քաղաքական իրավունքների Միջազգային համաձայնագրի իրականացման մասին (հասանելի է ՄԱԿ-ի մարդու իրավունքների Կոմիտեի էջում՝):

Լևոն Իսախանյանը Կոմիտեի անդամներին ներկայացրեց տեղեկատվություն Վրաստանում կրոնական փոքրամասնությունների իրավիճակի վերաբերյալ և անվանեց նրանց նկատմամբ խտրականության կոնկրետ փաստեր, որոնք ընդգրկված չէին պետական իշխանության ներկայացուցիների կազմած զեկույցում (սեղմեք տեսագրությունը դիտելու համար):

Կոմիտեի անդամների ուշադրությանը ներկայացվեց մանրամասն զեկույց Վրաստանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության մասին (հասանելի է ՄԱԿ-ի մարդու իրավունքների Կոմիտեի էջում՝), ինչպես նաև Վրաստանի Հայ Առաքելական, Հռոմեա-կաթոլիկական, Լյութերական և Բապտիստական եկեղեցիների առաջնորդների նամակը՝ ուղղված Կոմիտեի նախագահին (հասանելի է ՄԱԿ-ի մարդու իրավունքների Կոմիտեի էջում՝):

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի անդամները մտահոգված էին ներկայացված փաստերից: Կոմիտեի փոխնախագահ պարոն Յադ Բեն Աշուրը նշեց, որ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ պետությունը չի կատարում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը արմատախիլ անելու ուղղությամբ իր պարտականությունները (սեղմեք տեսագրությունը դիտելու համար): Պարոն Բեն Աշուրը Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի կողմից գլխավորվող պատվիրակության առջև դրեց հարցեր, որոնք կապված են.

- Խորհրդային ժամանակաշրջանում կրոնական փոքրամասնություններից բռնագրավված ունեցվածքը վերադարձնելուն,

- Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու կողմից կրոնական փոքրամասնությունների ունեցվածքի յուրացման փաստերին և պետության կողմից աջակցությանը,

- Հարկագանձման ոլորտում կրոնական փոքրամասնությունների խտրականությանը,

- Կրոնական փոքրամասնությունների հասցեին վիրավորանքներին և դրանց խափանման գործում պետական մարմինների պասսիվությանը,

- Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու և Պետության միջև Սահմանադրական համաձայնությանը՝ որպես երկրում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության աղբյուրի,

- Կրոնական կազմակերպություններին բյուջետային միջոցներ հատկացնելու հարցում խտրականությանը,

- Երկրպագության վայրերի պահպանությանը բյուջետային միջոցների հատկացման խտրականությանը,

- Կրոնական անհանդուրժողականության հիման վրա կատարված հանցագործությունների հետաքննության արդյունքներին:

Ի պատասխան այն հարցին, թե որքանով է Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու և Պետության միջև Սահմանադրական Համաձայնագիրը հանդիսանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության աղբյուր, խորհրդարանային մեծամասնության ներկայացուցիչ Թինաթին Խիդաշելին նշեց. «Հանդիսանալով Համաձայնագրի համանախագահներից մեկը, միանգամայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այն չի բովանդակում որևէ դրույթ, որը, որևէ մեկը ամբողջ աշխարհում կարողանար մեկնաբանել մյուսներին ուղղված խտրականություն, կամ Ուղղափառ Եկեղեցուն որևէ գերակայություն շնորհող: Այն ընդամենը որոշում է երկու ասպեկտ: Առաջինը՝ դա Եկեղեցու և Պետության բաժանումն է, ինչը հանդիսանում էր շատ կարևոր մեր ժողովրդավարության վաղ ժամանակաշրջանում, առավել ևս հաշվի առնելով մեր պատմության ընթացքում Ուղղափառ եկեղեցու առանձնահատուկ դերը, և երկրորդ՝ դա կողմերի չմիջամտությունն է միմյանց գործերին: Սրանք Համաձայնագրի երկու կարևորագույն ասպեկտներն են և չեն վերաբերում երկրում որևէ այլ կրոնական խմբի, դրանք ոչ-ոքի չեն ճնշում և դրանք ոչ մի խոսք չեն ասում գերակայությունների մասին: Ինչ վերաբերում է այլ հարցերին, հատկապես ներկայիս կառավարության քաղաքականության փոփոխություններին կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, և նրանց իրավունքների հավասարեցմանը Ուղղափառ Եկեղեցուն ինչպես ֆինանսական, այնպես էլ իրավական հարցերում, դրանց կպատասխանեն պատվիրակության մյուս անդամները» (սեղմեք տեսագրությունը դիտելու համար):

Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու Վիրահայոց Թեմը, Վրաստանում Հռոմեա-կաթոլիկական Եկեղեցին, Վրաստանում Ավետարանական-Լյութերական Եկեղեցին և Վրաստանում Ավետարանական-Բապտիստական Եկեղեցին ողջունում են Վրաստանի իշխանությունների կրոնական փոքրամասնությունների նկատմամբ քաղաքականությունը փոփոխելու և «նրանց իրավունքների հավասարեցմանը Ուղղափառ Եկեղեցուն ինչպես ֆինանսական, այնպես էլ իրավական հարցերում» մտադրությունը: Դրա հետ միասին կցանկանայինք հիշեցնել, որ Պետության և Ուղղափառ Եկեղեցու միջև Սահմանադրական Համաձայնագրի 7-րդ Հոդվածի 1 կետում գրված է. «Պետությունը Եկեղեցու սեփականություն է ճանաչում Վրաստանի տարածքում գտնվող բոլոր ուղղափառ տաճարները, վանքերը (գործող և չգործող), դրանց փլատակները, ինչպես նաև հողային կալվածքները, որոնց վրա դրանք տեղադրված են»: Այս դրույթի հիման վրա Ուղղափառ Եկեղեցին իրեն վերադարձրեց բռնագրավված ունեցվածքը այն դեպքում, երբ կրոնական փոքրամասնությունները չունեն ունեցվածքը ետ վերադարձնելու իրավական հիմք: Այդպիսով, պետությունը Սահմանադրական համաձայնագրի հիման վրա, Ուղղափառ Եկեղեցուն շնորհեց իրավունք, որից չեն կարող օգտվել մյուս կրոնական կազմակերպությունները, որի պատճառով նրանք գտնվում են ճնշված վիճակում: Տվյալ ոլորտում խտրականությունը արմատախիլ անելու համար հարկավոր է համանման իրավունքներ շնորհել Վրաստանի իրավասության ներքո գտնվող բոլոր կրոնական կազմակերպություններին:

Վրաստանի Հաշտեցման և Քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարարության ներկայացուցիչը առաջադրված հարցին իր պատասխանում նշեց, որ պետությունը հասել է նշանակալի առաջընթացի կրոնական փոքրամասնությունների ունեցվածքի ռեստիտուցիայի հարցում, շոշափեց կրոնական կազմակերպությունների կարգավիճակի, խորհրդային ժամանակաշրջանում կրոնական կազմակերպություններին հասցված վնասի մասնակի փոխհատուցման, ինչպես նաև կրոնական հարցերով Պետական գործակալության ստեղծման հետ կապված հարցերը (սեղմեք՝ տեսագրությունը դիտելու համար):

 

Վրաստանում Հռոմեա-Կաթոլիկ Եկեղեցի

Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու Վիրահայոց Թեմ

Վրաստանում Ավետարանական-Լյութերական Եկեղեցի

Վրաստանում Ավետարանական-Բապտիստական Եկեղեցի

Բաժանորդագրում

Banner Ardzagank Armenian